«Իրատեսի» զրուցակիցը ջութակահար, մանկավարժ ԶՈՀՐԱԲ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ է: Իսպանաբնակ երաժիշտը հրավիրվել էր մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնին: Հայրենիքում հանդես էր գալիս 14 տարվա ընդմիջումից հետո:
Զոհրաբ Թադևոսյանը Մադրիդի թագավորական օպերայի նվագախմբի անդամ է, Կատարինա Գուրսկայի անվան երաժշտական կրթության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, Մադրիդի Թագուհի Սոֆյայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի դոցենտ՝ աշխարհահռչակ ջութակահար, մանկավարժ, պրոֆեսոր Աննա Չումաշենկոյի հետ համատեղ:
-Ըստ Ձեզ` ինչո՞վ է առանձնանում խաչատրյանական փառատոնը:
-Այն, որ Հայաստանում երաժշտական փառատոներ են լինում, արդեն իսկ ուրախալի փաստ է ինձ համար: Արամ Խաչատրյանի անվան փառատոնը կյանքի է կոչում Հայաստանի երիտասարդական պետական նվագախումբը: Որքան ինձ հայտնի է, ոչ մի ուրիշ երկրում պետական երիտասարդական նվագախումբ չկա: Շատ կարևոր է, որ մենք ունենք նման նվագախումբ: Հենց դրանով էլ առանձնանում է խաչատրյանական փառատոնը:
-Արամ Խաչատրյանի գործերը շատերն են կատարում: Կա՞ տարբերություն` ում մեկնաբանությամբ է հնչում` հայազգի երաժշտի՞, թե՞ օտարերկրացու:
-Կարծում եմ` այո, հատկապես Խաչատրյանի դեպքում. նրա երաժշտության մեջ առկա է ֆոլկլորը, որ այլազգին չի կարող զգալ այնպես, ինչպես հայ երաժիշտը: Ազգային դիմագիծը «լսվում» է երաժշտի կատարման մեջ:
-Հայաստանը, հայկական երաժշտությունը, ֆոլկլորը որքանով են հանրաճանաչ դրսում, որ այլազգին չի կարող զգալ այնպես, ինչպես հայ երաժիշտը:
-Հայկական երաժշտությանը շատ լավ ծանոթ են` Խաչատրյան, Կոմիտաս, սակայն, ցավոք, շատերը մեր երկրի տեղը չգիտեն: Բայց մենք ունենք դեսպաններ` արվեստի, սպորտի և այլ բնագավառների, որոնք ներկայացնում են Հայաստանը: Աստիճանաբար հայ արվեստն ավելի շատ են ճանաչում ու նաև հասկանում են` որտեղից է այն գալիս:
-Դրսում ուսանելը, ներկայանալը ի՞նչ է տալիս արվեստագետին:
-Ես մեկնել եմ կոնսերվատորիան ավարտելուց հետո (սովորել եմ հորեղբորս՝ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի մոտ): Դրսում ուղղակի հղկվեց այստեղ ստացածս գիտելիքը, ընդլայնվեց աշխարհայացքս, և մեծ հնարավորություններ բացվեցին, որոնց այն տարիներին Հայաստանում հասնել հնարավոր չէր:
-Հայ երաժիշտների գործեր կատարո՞ւմ եք:
- Ցավոք, վերջին շրջանում` ոչ, բայց դա զուտ մենեջմենթի հետ է կապված, իրենք են որոշում: Ինքս շատ եմ ուզում և կանդրադառնամ, խոսք եմ տալիս:
-Հեղինակավոր փառատոների, մրցույթների ժամանակ կապ ունի՞, թե որ երկիրն ես ներկայացնում: Այսինքն, երկրի հզորությունը, քաղաքական շահերը չե՞ն խոչընդոտում անաչառ մրցակցությունը, արվեստագետի առաջընթացը:
-Բացարձակ, երաժշտությունը չունի կրոն, լեզու, եթե քաղաքականացվի, տուժելու է միայն երաժշտությունը:
-Ի՞նչ կասեք հայաստանյան հանդիսատեսի մասին:
-Մեր հանդիսատեսը շատ պրոֆեսիոնալ է, գրագետ, կարողանում է մանրակրկիտ գնահատական տալ: Դրսում, այսպես ասած, շուկան ավելի մեծ է ու ազատ, կա և՛ դիլետանտ, և՛ պրոֆեսիոնալ հանդիսատես, բայց փոխարենը շատ է զարգացած քննադատությունը, օրինակ` Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում երաժշտական քննադատները կարող են մենակատարից ու դիրիժորից շատ բան իմանալ:
-Խաչատրյանական փառատոնին անվճար մասնակցելու հնարավորություն է ընձեռվել պատանի հանդիսատեսին: Դուք նաև մանկավարժ եք, դրսի փորձն աչքի առաջ ունենալով, կարո՞ղ եք ասել` ի՞նչ է արվում` պատանիներին բարձրարժեք երաժշտությանը մոտեցնելու համար:
-Սերգեյ Սմբատյանը փորձում է պատանիներին դասական երաժշտության հանդեպ սեր ու հարգանք ներարկել, ինչը ողջունելի է: Դրսում երեխաների համար երաժշտական գործիք են գնում` որպես խաղալիք, և փոքր հասակից սեր են արթնացում երաժշտության նկատմամբ: Հետագայում էլ սովորում են, ավարտում, աշխատում ու չեն մտածում, թե ինչպես են ապրելու: Մեր երկրում, ցավոք, այդպես չէ, սոցիալական խնդիրները շատ են, թեև որոշակի դրական տեղաշարժեր են նկատվում, նվագախմբեր ունենք, փառատոներ են անցկացվում, որոնք հովանավորում են պետությունը, երկրի նախագահը:
-Ձեր ասածից կարելի է նաև ենթադրել, որ բարեկեցիկ երկրներում որակյալ երաժշտությունն է ավելի շատ հնչում ու մասսայականություն վայելում:
-Էլի պիտի ասեմ, որ ամեն ինչ կա` և՛ լավ, և՛ վատ, բայց շուկան մեծ է ու բալանսի է բերված:
-Հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերին ծանո՞թ եք:
-Անպայման:
-Հնարավո՞ր է կատարեք:
-Հնարավոր է, բայց դեռ չեմ կատարել, եթե լավ լինի, սրտիս հասնի, կկատարեմ:
-Առաջիկա ծրագրերի մասին ի՞նչ կասեք:
-Չգիտեմ, շատ առաջարկներ ունեմ, բայց չեմ ընտրում այն, ինչ ինձ առաջարկում են, ու դա ֆինանսի հետ չի կապված: Եթե հետաքրքիր, սրտամոտ չեղավ, ինչ էլ առաջարկեն, չեմ ընդունի:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ